Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մարտի 12-ին մահացած 61-ամյա Սվետլանա Պետրոսյանի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ նշելով, որ որոշումը կայացրել է դատախազությունը:
«Տուժողի իրավահաջորդ էլ ճանաչվել է մահացածի որդին: Քննիչը նաեւ փորձաքննություն է նշանակել՝ պարզելու մահվան պատճառները»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ ՔՕ 130-րդ հոդվածը վերաբերում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն:
Հիշեցնենք, որ մինչեւ այդ գործով քննիչը մերժել էր քրեական գործ հարուցել, որից հետո մահացածի հարազատները որոշումը բողոքարկել էին գլխավոր դատախազություն:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ 61-ամյա Սվետլանա Պետրոսյանի մոտ հունվարի 12-ին հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կինը մարտի 2-ին քիմիաթերապիա է ընդունել: Մահացածի որդին պնդում է, որ մայրն առանց լյարդի պատշաճ հետազոտության է ենթարկվել քիմիաթերապիայի, որի հետեւանքով լյարդային անբավարարության պատճառով 10 օր անց՝ մարտի 12-ին անց մահացել է:





























