Հանրապետության տարբեր գազալցակայաններում պայթյունների 99 տոկոսը տեղի է ունենում գազաբալոնների անորակության պատճառով: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ավտոգազալցաճնշակայանների կոմպրեսատորներ և գազաբաշխիչ աշտարակներ արտադրող ընկերության տնօրեն Ռոբերտ Թովմասյանը:

«Մեզ մոտ մրցակցություն կա գազալցակայաններում, թե որ մեկն ավելի բարձր աշխատանքային ճնշմամբ կլիցքավորի գազաբալոնը, որն էլ գազաբալոնների տեխնիկական վիճակի վրա կործանարար ազդեցություն է թողնում, դրանց կյանքը 15 տարի է, իսկ երբ բարձր աշխատանքային ճնշմամբ են լիցքավորում, շահագործման ժամկետը կրճատվում է մինչև 7-8 տարի»,-ասաց Ռոբերտ Թովմասյանը՝ հավելելով, որ գազաբալոնները փչանում են նաև, երբ դրանք լիցքավորում են անորակ գազով:

Նրա խոսքով՝ երբ գազաբալոնները նոր են արտադրվում, դրանք փորձաքննություն են անցնում և լիցքավորվում են նախատեսված աշխատանքային ճնշման 200 մթնոլորտից երկու անգամ բարձր ճնշման տակ, որպեսզի տեսնեն` արդյոք գազաբալոնը ենթակա է շահագործման, սակայն ամեն անգամ այդպիսի բարձր աշխատանքային ճնշման տակ լիցքավորվելով՝ դրանք մաշվում են:

Թովմասյանի կարծիքով՝ մայիսի 30-ին Չարենցավանի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունը եղել  անորակ գազաբալոնի պատճառով. «Սուտ տեղեկություններ են, իբր  գազալցակայանը գործել է ոչ օրենսդրական դաշտում: Վերջին պայթյունից հետո, երբ փորձագետները զննում էին գազաբալոնը, ոչ մի բան գազաբալոնի վրա դաջված չէր՝ չկար տարեթիվը, չկար, թե ինչ աշխատանքային ճնշման տակ է պետք օգտագործել այն: Վատն այն է, որ տեխնիկական անվտանգության զննում անցկացվում է  միայն գազալցակայաններում և չեն ստուգվում գազաբալոնները, հենց դա էլ հանգեցնում է այսպիսի ողբերգությունների»: