Ընտրություններին ID քարտերով  մասնակցելը որեւէ կերպ  կեղծիքի հնարավորություն չի ստեղծում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ID քարտերով քվեարկությանը մասնակցելը նոր չէ, որ թույլատրվում է: Կան քաղաքացիներ, որոնց անձը հաստատող փաստաթուղթը այդ քարտն է, եւ նրանք չեն կարող զրկվել ընտրելու սահմանադրական իրավունքից:

«Անձնագրում կնիքը լուծում է երկրորդ անգամ չընտրելու երկրորդային ապահովության խնդիրը, առաջնային ապահովությունը ընտրողների ցուցակն է: Անձը, որպեսզի կարողանա երկրորդ անգամ ընտրել, պետք է մեկ ուրիշի փոխարեն նրան լրացնել, ինչը հանցագործություն է, դա հնարավոր է անել առանց կնիք անգամ: Եթե հանձնաժողովի անդամը ցանկանում է նման խախտում, կեղծիք անել, ապա նույնիսկ եթե կնիք լինի, չի տեսնի, այնպես որ կնիքը երկրորդային ապահովության միջոց է, ոչ առաջնային»,-ասաց նա:

Արմեն Սմբատյանը շեշտեց, որ Հայաստանի ընտրական օրենսդրությունը հնարավորություն է տալիս լիարժեք հասկանալ՝  կրկնակի քվեարկություն եղել է, թե ոչ, վերահսկել ընտրական համակարգը եւ բացառել կրկնակի ընտրության դեպքերը: ԿԸՀ քարտուղարը նաեւ նկատեց, որ ընտրողների ցուցակի նման համակարգը գործում է քիչ երկրներում, իսկ դրոշմակնիքը ՏԻՄ ընտրություններում ներդրվել է 2011թ: «Անընդունելի է նման ձեւակերպումը, ի՞նչ է նշանակում՝ կեղծիքների նոր տեխնոլոգիա, պետք է ունենալ հիմնավոր ապացույցներ, նոր խոսել այդ մասին, դա հանցագործություն է»,- ասաց Արմեն Սմբատյանը:

Նշենք, որ «Ժամանակ»-ը գրել է, որ հունիսի 7-ին Աբովյանի քաղաքապետի ընտրություններում կեղծիքի նոր տեխնոլոգիա է կիրառվելու: Քվեարությունը թույլ են տալու նաեւ ID քարտերով, որտեղ գրանցումը չի նշված եւ կնիք էլ չեն կարող դնել, այսինքն՝ մի մարդը կարող է մի քանի անգամ քվեարկել: