ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է նորակառույց շենքում բնակարան տրամադրելու պատրվակով խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2015 թվականի մայիսի 4-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է քաղաքացու լիազորած անձ Տ. Խուրշուդյանի դիմումն առ այն, որ «Լեւոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության եւ իր վստահորդի միջեւ 2009 թվականի հուլիսի 17-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրեր եւ կազմվել ստացական։ Ըստ այդմ՝ 2 բնակարան ձեռք բերելու դիմաց ընկերությանը վճարվել է 110.911.449 ՀՀ դրամին համարժեք 303.360 ԱՄՆ դոլար։
Մասնավորապես՝ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Ա.Հովհաննիսյանի, պարտավորվել է Սայաթ-Նովա փողոցին հարող հատվածում կառուցվող բազմաբնակարան նորակառույց շենքի շինարարարական աշխատանքների ավարտից հետո, որպես սեփականություն, քաղաքացուն հանձնել թիվ 19 եւ թիվ 36 բնակարանները, ինչը սակայն տեղի չի ունեցել։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ շինարարության ավարտից հետո ընկերությունը քաղաքացուն է հանձնել միայն թիվ 19 բնակարանը, իսկ 49.050.237 ՀՀ դրամին համարժեք 134.160 ԱՄՆ դոլար արժողությամբ թիվ 36 բնակարանը չի հանձնել: Ավելին՝ 2014 թվականի ապրիլի 16-ին բնակարանը վաճառվել է այլ անձի:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2015 թվականի հունիսի 1-ին քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ շարունակվում են ձեռնարկվել քննչական եւ դատավարական գործողություններ՝ պարզելու գործարքի բոլոր հանգամանքները։




























