Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը հերքել է լուր այն մասին, թե իր եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի միջեւ կոնֆլիկտ է տեղի ունեցել: Նա այս մասին քիչ առաջ հայտնել է NEWS.am-ի թղթակցին՝ կառավարության նիստից հետո: «Այդ ամենը օդից վերցրած բան է»,-ասել է Ղարիբջանյանն ու հավելել, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա՝ օգոստոսի 5-ի համարում տպագրված հոդվածում շարադրված փաստերը աղավաղված են: «Ես լրագրողին ասել էի, որ այդպիսի բան չկա եւ զարմացած եմ, որ ինքը, երբ ես բացատրում եմ, որ ընդամենը ԱԺ աշխատակազմը անձնագիրն ուղարկում է արտգործնախարարություն՝ մուտքի արտոնագիր ստանալու, ինքը դա նույնիսկ շփոթել էր անձնագրի ժամկետը երկարաձգելու հետ»,-ասել է Ղարիբջանյանը՝ շարունակելով. «Մենք անձնագիր չենք երկարացնում, եւ այնտեղ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել էր, որ պատգամավոր Հայրապետյանը 2007 թվականին ստացել է դիվանագիտական անձնագիր, որի ժամկետը լրանում է 2012 թվին: Դիվանագիտական անձնագրերը չեն երկարացվում: Ես բացատրել եմ լրագրողին, որ խոսքը գնում է այն մասին, որ մենք դիմում ենք ԱԳՆ՝ մուտքի արտոնագիր ստանալու համար: Եւ եթե արտոնագիրն ու անձնագիրը չի տարբերում իրարից, դա իր խնդիրն է»:
Այնուամենայնիվ, Ձեր եւ Ռուբեն Հայրապետյանի միջեւ որեւէ միջադեպ եղե՞լ է՝ հարցին Ղարիբջանյանը կտրուկ արձագանքել է. «Իհարկե ո՜չ: Ո՞նց կարող ա...Ազգային ժողովի շենք է, 700 աշխատող կա, եթե ձայն է նույնիսկ բարձրանում, կոլեկտվիում ո՞նց կարող ա արձագանք չլինել»: ԱԺ աշախատակազմի ղեկավարը եզրափակելով թեման ասել է նաեւ, թե «օդի մթնոլորտային ճնշումը ազդում է ոմանց վրա» ու ստիպում նման բաներ մոգոնել:




























