Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանրամասները պետք է լուծվեն Ստեփանակերտի մասնակցությամբ: Այս մասին հունիսի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նա նաեւ հավելեց, որ Հայաստանը ողջունում է երրորդ երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացը սատարելու պատրաստակամությունը: Ըստ Զաքարյանի, նաեւ դրա շնորհիվ է շուրջ 20 տարի բանակցային գործընթացը մնում խաղաղ կարգավորման քննարկումներում:

Միաժամանակ, պատգամավորի խոսքով, անհրաժեշտ է խթանել Ադրբեջանին բանակցությունների դաշտ բերելու ջանքերը եւ չսատարել ամեն անգամ նախկին ձեռքբերումները ձախողելու՝ այդ երկրի փորձերը:

«Հայաստանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի երաշխավոր հանդիսանալ: Մնացյալ բազմաթիվ հարցերը, իհարկե, պետք է լուծում գտնեն Ստեփանակերտում եւ նրա համաձայնությամբ: Այդ պատճառով էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան այցերի ժամանակ մեկնում են Ստեփանակերտ»,- նշեց Արտակ Զաքարյանը: