Եկե՛ք դառնանք մեր մոլորակի ավելի լավ տնտեսվարներ: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ իր ուղերձում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:
Նա մասնավորապես նշել է.
«Այս տարվա Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա թեման է` «Յոթ միլիարդ երազանք: Մեկ մոլորակ: Խնամքո՛վ սպառիր»:
Մարդկությունը շարունակում է սպառել շատ ավելի շատ բնական ռեսուրսներ, քան մոլորակը կարող է կայուն կերպով ապահովել: Երկրագնդի էկոհամակարգերից շատերը մոտենում են վճռորոշ բեկումնային կետերի: Ժամանակն է, որ փոխվենք:
Կայուն զարգացման նպատակը բոլոր մարդկանց կյանքի որակը բարձրացնելն է՝ առանց շրջակա միջավայրի վատթարացումը սաստկացնելու եւ առանց վտանգելու հետագա սերունդների` ռեսուրսներից օգտվելու կարողությունը: Մենք կարող ենք սա անել մեր սպառման կառուցվածքը փոխելու միջոցով՝ անցնելով այնպիսի ապրանքների օգտագործման, որոնց համար ավելի քիչ էներգիա, ջուր եւ այլ ռեսուրսներ են ծախսվում, ինչպես նաեւ ավելի քիչ սննդամթերք վատնելով:
Վերափոխման այս տարում, երբ հույս ունենք մեծ առաջընթացի ականատես լինել կայուն զարգացման եւ կլիմայի փոփոխության ասպարեզում, եկեք Շրջակա միջավայրի համաշխարհային օրը նշենք՝ ավելի լավ գիտակցելով մեր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Եկեք մտածե՛նք մեր կողմից կատարվող ընտրությունների բնապահպանական հետեւանքների մասին: Եկե՛ք դառնանք մեր մոլորակի ավելի լավ տնտեսվարներ:





























