Հունիսի 19-ին կայանալիք ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման  երթը պահանջատիրական է լինելու:Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը՝ հավելելով, որ մայիսի 27-ի երթը ընդամենը իրենց  պայքարի մեկնարկն էր:

«Նախորդ երթով մենք ցույց տվեցինք, որ պայքարում ենք, հունիսի 19-ի երթով ցույց ենք տալու, որ տեր ենք մեր պայքարին և չենք նահանջելու»,-ասաց Մաքսիմ Սարգսյանը:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Լևոն Զաքարյանն էլ նշեց, որ ընդդեմ հոսանքի թանկացման պայքարը շարունակական է լինելու՝ մինչև որ արդյունք տա. «Այս պայքարին յուրաքանչյուր քաղաքացի կարող է միանալ, քանի որ սա բոլորիս խնդիրն է: Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք մեր պայքարը, մինչև հասնենք մեր ուզածին»,-ասաց նա:

Նախաձեռնության անդամ Արամ Մանուկյանի խոսքով՝  իշխանությունների հայտարարությունը, թե հոսանքի սակագնի բարձրացումն այլընտրանք չունի, նախաձեռնության անդամներին չի գոհացնում.

«Իշխանությունները փորձելու են հանրությանը համոզել, որ նորմալ սակագին է, դրա համար կոչ ենք անում միանալ մեզ և պայքարել, քանի որ պայքարը ոչ մեկի սեփականությունը չէ և յուրաքանչյուրը կարող է միանալ մեզ»: