Մայիսյան գյուղից դեպի Քեթի տանող հատվածում՝ սարերի տակ՝ իր իսկ մեքենայի մեջ, հայտնաբերվել է  Մայիսյան գյուղի բնակիչ, 28-ամյա Լեւոն Սերոբյանի դին:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայիսյանի գյուղապետ Հակոբ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ առավոտյան երիտասարդը դուրս է եկել տնից, երբ չի վերադարձել, սկսել են փնտրել, արդեն գիշերը հայտնաբերել են նրան: Հարազատների մտքով անցել է, թե սպանություն է, բայց դիահերձումից հետո հայտնել են, թե հանկարծամահություն է:

Գյուղապետից տեղեկացանք, որ Լեւոն Սերոբյանը ամուսնացած չէ, երեք եղբայր են ընտանիքում, ապրում են նորմալ սոցիալական պայմաններում:  Մահացածը զբաղվում էր տարբեր աշխատանքներով,  մեկնել էր արտագնա աշխատանքի ՌԴ, այնուհետեւ զբաղվում էր գյուղատնտեսությամբ եւ այլն: Հակոբ Բաղդասարյանն ասաց, որ  դիակի վրա բռնության հետքեր չեն եղել, երիտասարդն էլ նորմալ, շնորհքով ընտանիքից է, թշնամիներ չունեն: