Երեւանի կենդանաբանական այգում կայացավ «Նկարչական օր» ամենամյա միջոցառումը: Բացօթյա հսկայական արվեստանոցը, որը հարյուրավոր պատանի նկարիչներ էր ժողովել Երեւանից եւ մարզերից, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ նախաձեռնությամբ էր իրականացվել։

Նկարչական օրը նշանավորեց Համահայկական նկարչական 8-րդ մրցույթի ավարտը: Մրցույթի թեման այս տարի «Տոհմածառ»-ն էր: Խորհրդանշական այս խորագիրը ոչ միայն սեփական արմատները գտնելու, ոգեկոչելու յուրատեսակ կոչ է, այլեւ հղում՝ մարդ-բնություն խորքային կապին:

«Գույնի, ստեղծագործականության, կենսուրախության, լավատեսության տոն լինելուց բացի, Նկարչական օրն ունի նաեւ ուսուցողական եւ դաստիարակչական նշանակություն: Հենց այսպիսի միջավայրում են երեխայի մեջ ավելի լավ տպավորվում բնությունը սիրելու, պահպանելու, սեփական մշակույթը եւ արմատները ճանաչելու, ինքնությունը պահելու ուղերձները, որոնք դրված են այս միջոցառման հիմքում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը բարձր է գնահատում այս նախաձեռնությունը, քանի որ այն համահունչ է մեր ընկերության առաջնահերթությունների եւ արժեհամակարգի հետ»-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Խորագրին համահունչ՝ միջոցառումը մեկտեղել էր տարբեր սերնդների ներկայացուցիչների. 5-16 տարեկաններն իրենց տոհմածառերն էին պատկերում թղթի վրա, երիտասարդ արվեստագետների մի խումբ նկարազարդում էր կենդանաբանական այգու հարակից կանգառն ու գետնանցումը, իսկ փայտե տոհմածառ-քանդակների դրվագները կտավ էին ծառայում ավագ սերնդի նկարիչների համար:

«Նկարումս փորձել եմ պատկերել գունեղ ու լուսավոր տոհմածառ, որտեղ նաեւ ընդգրկել եմ հեռավոր Ամերիկայում գտնվող իմ հարազատներին: Պատկերածս տոհմածառը ամուր կանգնած է իր ոտքի վրա, եւ ես ուզում եմ, որ յուրաքանչյուր ընտանիք ապրի անհոգ ու ազատ, երջանիկ ու առողջ, սիրված եւ սիրով լեցուն օջախներում»,-իր նկարի մասին պատմեց 12-ամյա Սաթենիկ Մխիթարյանը:

10-ամյա Ռոստամ Աջոյանն էլ իր պատկերած տոհմածառն այլ կերպ էր իմաստավորել. «Ես նկարել եմ մի ծառ, որը շատ հաստ է ու ամուր, քանի որ եղեռնից հետո իմ տոհմը ապրում է եւ ստեղծագործում: Իսկ Տոհմածառի վրա նստած է թռչուն, որն ուտում է ծառի վրայի համով  պտուղները»:

Համերգային հատվածն ազգային երգ ու պարից էր կազմված, անցկացվում էին հայկական ավանդական պարի բաց դասեր:

Միջոցառմանն առանձին տաղավարներով ներկայացված էին եւ երեխաներին կրթական ու մրցութային բազմազան ծրագրեր էին առաջարկում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործընկեր կառույցները՝ Հայաստան Ծառատունկ Ծրագիրը, Բրիտանական խորհուրդը, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը, ՀՕՖ Երեխաների աջակցության կենտրոնը եւ այլք:

Համահայկական նկարչական 8-րդ մրցույթի արդյունքները կամփոփվեն 2015թ. օգոստոսին: Հաղթողները կստանան մրցանակներ՝ հեծանիվ, ֆոտոխցիկ, տեսախցիկ, գիրք, համակարգիչ, իսկ երեխաների նկարները կշրջանառվեն տպագիր եւ առցանց հրապարակումներում, ցուցահանդեսներում՝ դեսպան դառնալով հայկական ամուր Տոհմածառի գաղափարի տարածման:

Համահայկական նկարչական մրցույթն ամենամյա նախաձեռնություն է, որը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ իրականացնում է 2008թ.-ից: