Իրաքյան բանտում 79 տարեկանում մահացել է Թարիք Ազիզը, ով Սադամ Հուսեյնի օրոք զբաղեցրել է Իրաքի փոխվարչապետի պաշտոնը:
Իրաքյան իշխանությունները հայտարարել են, որ բանտարկյալը մահից մեկ օր առաջ սրտի կաթված է տարել: Ազիզի որդին՝ Զիյադը, դժգոհել է, որ իրեն չեն տեղեկացրել հոր մահվան մասին. նրա վախճանի մասին Զիյադն իմացել է լրատվամիջոցներից: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «Ալ Ջազիրա»-ին:
Ազիզը 1983-1991 թվականներին զբաղեցրել է Իրաքի ԱԳ նախարարի պաշտոնը, 1979-2003 թվականներին եղել է փոխվարչապետ: Հուսեյնի նախագահության օրոք Ազիզը քրիստոնեություն դավանող ամենից բարձրաստիճան պաշտոնյան էր: 2003 թվականին Իրաք ամերիկյան ներխուժումից հետո նա հանձնվել է ԱՄՆ-ի զորքերին եւ բանտ ընկել:
2010 թվականին Ազիզին մահվան են դատապարտել՝ շիաների հետ հաշվեհարդարին մասնակցության համար: Այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ջալալ Թալաբանին հրաժարվել էր ստորագրել մահվան դատավճիռը:





























