Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել գազատարի Մեղրի-Քաջարան հատվածը  «Գազպրոմ»-ին օտարելու կապակցությամբ։

«Հայաստանում գործող վարչախումբը շարունակում է մեր երկրի քաղաքական եւ տնտեսական ինքնիշխանության մաս-մաս վաճառքը: Տնտեսական ինքնիշխանության վաճառքի վերջին գործարքը  Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան 40 քմ-ոց հատվածի վաճառքն է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որը փաստացի ամբողջությամբ ռուսական ընկերություն է: Այս գործարքի հետեւանքով գազի տեղափոխման եւ բախշման ամբողջ համակարգը կդառնա ռուսական ընկերության սեփականությունը: Այս գործարքի իրականացման համար որեւէ տնտեսական հիմնավորում գոյություն չունի, քանի որ գազատարի նշված հատվածը վարձակալության էր տրված նույն  «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը եւ թեկուզ չնչին շահույթ էր բերում, իսկ քաղաքական տեսակետից ապահովում էր գոնե խորհրդանշական ինչ որ էներգետիկ անկախություն Հայաստանի համար: Սա նաեւ հերթական ապացույցն է այն բանի, որ ներկա վարչախումբն անհուսալի է Իրանի հետ ռազմավարական ծրագրեր մշակելու եւ իրականացնելու առումով:

Գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի վաճառքը, ինչպես նաեւ նախկինում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ռեժիմների օրոք կնքված Հայաստանի Հանրապետության էներգոհամակարգի վաճառքին վերաբերվող բոլոր գործարքները այլ բան չեն կարող համարվել, քան պետական դավաճանություն: Այդ գործարքների հետեւանքով Հայաստանը կորցրել է էներգետիկ անկախությունը եւ անվտանգությունը, մեր երկրի էներգոհամակարգը գտնվում է օտար պետության տիրապետման տակ եւ այդ պետության` Ռուսաստանի վերնախավը, Հայաստանի քրեաօլիգարխիկ իշխանությունների հետ համագործակցելով անխնա շահագործում եւ թալանում է մեր էներգոհամակարգը եւ մեր ժողովուրդը. դրա վերջին ապացույցը հոսանքի գնի անհիմն թանկացման հայտն է, որը ներկայացրել է ռուսական ՌԱՕ ԵԷՍ-ի պատկանող ՀԷՑ ընկերությունը: Մեր հանրությանը եւ նունիսկ մասնագետներին մինչեւ այսօր հայտնի չեն ոչ հոսանքի ոչ էլ գազի գնագոյացման մեխանիզմները եւ բաղադրիչները, այս ոլորտը ամբողջությամբ կորումպացված է եւ անհասանելի է հանրային վերահսկողության:

Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը հայտարարում է, որ ներկա ռեժիմի հեռացումից հետո երկրի ռազմավարական կառույցները, որոնց թվում առաջին հերթին էներգոհամակարգը,  ազգայնացվելու են: Ինքնիշխան Հայաստանում այդ կառույցների հսկիչ փաթեթը պատկանելու է պետության իսկ մասնակի մասնավորեցումը կատարվելու է տեխնոլոգիական հագեցում եւ ներդրումներ ապահովելու նպատակով»: