Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում, այսօր` հունիսի 6–ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած 22–ամյա Արթուր Բալյանը Երեւանի բնակիչ էր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող էր։
Հարեւանները NEWS.am–ի հետ զրույցում պատմեցին, որ նա տան փոքր տղան էր, ունի իրենից ավագ քույր եւ եղբայր։
Հարեւանների խոսքով` Արթուրը լավ ընտանիքից էր, խելացի, համեստ տղա էր։
Նշենք, որ դեպքից ժամեր անց շենքի մոտ հավաքվել էին նրա ընկերները, բարեկամները, հարեւանները, որոնք բոլորը կատարվածից շոկի մեջ էին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարար ծառայությունը հունիսի 6-ին, ժամը 00.39-ին, փրկարար ծառայությունում տեղեկատվություն է ստացել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (առանց պ/հ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել: Հրդեհից զոհվել են Տաշիր քաղաքի բնակիչներ՝ 1994թ. ծնված Վանիկ Մարդոյանը, 1991թ. ծնված Վահագ Ալբերտյանը, 1993թ. ծնված Արման Տոնոյանը, 1991թ. ծնված Գևորգ Պողոսյանը, 1993թ. ծնված Կարեն Խաչատրյանը, Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Գասպար Ղուկեյանը եւ Երեւանի բնակիչ՝ 1993թ. ծնված Արթուր Բալյանը:
Նախնական տվյալով` մեքենայի դիմաց փորսուղ է դուրս եկել, վարորդը փորձել է շրջանցել կենդանուն, մեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հարվածել ծառին, գազաբալոնը պայթել է, եւ երիտասարդները ողջ-ողջ այրվել են:
Հրշեջ-փրկարարները կռունկի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա. ավտոմեքենան (5 զոհով) տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ-ի տարածք, ավտոմեքենայի մասնատման և դիակների հանման համար:
Հունիսի 6-ին, ժամը 09.06-ին հրշեջ-փրկարարները մասնատել են ավտոմեքենան, դուրս բերել դիակները և փոխանցել դիահերձարանի աշխատակիցներին:































