Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը եւ Արայիկ Զալյանը ՀՀ եւ ՌԴ իրավապահ մարմինների ապօրինի գործողությունների վերաբերյալ հաղորդում են ներկայացրել։

«Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողները 2015թ.-ի հունվարի 13-ին ժամը 00:15-ին հայտնաբերել են հայ-թուրքական պետական սահմանին ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարող անծանոթ անձին եւ այդ մասին որեւէ տեղեկություն չեն փոխանցել ոչ՛ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, ոչ էլ՛ ՀՀ Իրավապահ մարմիններին: Հետագայում, երբ պարզ է դարձել, որ այդ անձը եղել է հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունների կատարման մեջ, դարձյալ ՌԴ իրավապահ մարմինների կողմից տեղեկատվություն չի տրամադրվել ՀՀ իրավապահ մարմիններին, եւ ոչ էլ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն է պահանջել համապատասխան տեղեկատվություն ՌԴ-ի իրավապահ մարմիններից:

Ելնելով այս հանգամանքից՝ Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը եւ Արայիկ Զալյանը  2015թ.-ի հունիսի 3-ին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետին՝ կատարված հանցագործությունը բացահայտելու, քրեական գործ հարուցելու եւ հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Հատկանշական է, որ ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարող Պերմյակովին ապօրինի ձերբակալել եւ հանձնել են ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներին, որից հետո Ռուսական կողմը հրաժարվել է հայկական կողմին հանձնել Պերմյակովին: Մինչդեռ ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմակայանի տարածքը Հայաստանի տարածքն է եւ ընդհամենը վարձակալության է հանձնված ՌԴ-ին: Հետեւաբար տվյալ ռազմակայանի տարածքում գործում են ՀՀ Սահմանադրությունն ու ՀՀ օրենքները: Այսինքն, անտրամաբանական է Պերմյակովին հայկական կողմին հանձնելը, քանի որ նա արդեն գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:

Ինչ վերաբերում է ՌԴ սահմանապահներին, նրանք լիազորություն չունեն անձանց ձերբակալելու, այլ միայն կարող են բռնել այն անձանց, ովքեր ապօրինի փորձում են հատել հայ-թուրքական կամ հայ-իրանական սահմանը, որից հետո պետք է կանչեն ՀՀ Ազգային անվտանգության մարմիններին եւ նրանց փոխանցեն իրավախախտին: Մինչդեռ ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները խախտել են օրենքը եւ կարելի է ասել, Պերմյակովին փախցրել են:

Ելնելով այս հանգամանքից՝ Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը եւ Արայիկ Զալյանը 2015թ.-ի հունիսի 3-ին միջնորդություն են ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն՝ ՌԴ 102 ռազմաբազայի սպայական անձնակազմի, ՌԴ Սահմանապահ զորքերի զինծառայողների եւ ՀՀ ԱԱԾ համապատասխան ծառայակիցների դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ: