Այսօր՝ հունիսի 7-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված հանրապետության թվով 32 համայնքներում: Նշված համայնքներից 18-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 12 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

ՏԻՄ ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 38 և ավագանու անդամի 102 թեկնածու:

Ամենաթեժ ընտրությունները սպասվում են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որտեղ քաղաքապետի աթոռը թափուր էր մնացել Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Կարո Գուլոյանին մարզպետ նշանակելուց հետո։ Առաջադրվել են Ծառուկյանի օգնական եւ նրա հովանավորյալ հայտնի Վահագն Գեւորգյանը, որին սատարում է նաեւ ՀՀԿ-ն: Ինքնառաջադրված Էդվին Թադեւոսյանը Ծառուկյանի մորաքրոջ որդին է: Առաջադրվել են նաեւ «Քինգ դելյուքսի» սեփականատերը՝ «Պալաչ» մականունով Արթուր Գեղամի Հարությունյանը, ու եւս մեկ Արթուր Գեղամի Հարությունյան, որը կապ չունի Աբովյան քաղաքի հետ եւ առաջադրվել է «Պալաչին» խանգարելու համար։ Ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը:

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում քաղաքապետի մեկ թեկնածու՝ վարչապետի որդի Արգամ Աբրահամյանը։

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում առաջադրվել են գործարարներ, անկուսակցականներ Արթուր Աբգարյանն ու Կարեն Փարեմուզյանը։ Վերջինիս աջակցում է իշխող ՀՀԿ-ն։

Ընտրություններ են կայանալու նաեւ Տավուշի, Սյունիքի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մի շարք այլ համայնքներում եւս։