Սյունիքի մարզում՝ «ՏաԹեւեր» ճոպանողու Հալիձոր կայանի հարակից տարածքում այսօր՝ հունիսի 6-ին անցկացված ավանդական «Ոչխարների խուզում» փառատոնին 1-ին մրցանակի է արժանացել Վերիշեն համայնքի բնակիչ Սեյրան Մկրտչյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամից:

Շուռնուխ համայնքի ներկայացուցիչ Գարեգին Դալլաքյանը արժանացել է 2-րդ, Խոտ համայնքի ներկայացուցիչ Հրանտ Գալստյանը՝ 3-րդ մրցանակի:

Հաղթողները, որոնք մրցել են երեք փուլերով, ընտրվել են ըստ ոչխարները խուզելու արագության եւ որակի: 1-ին մրցանակի արժանացած մասնակիցը ստացել է ֆոտոխցիկ, 2-րդը՝ բջջային հեռախոս, 3-րդը՝ ձեռքի ժամացույց:

Նշենք, որ մրցույթին մասնակցում էր «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդգրկած 8 համայնքների 9 ներկայացուցիչ:

Փառատոնն ուղեկցվում էր երգով, պարով, տարբեր համայքների բնակիչներ տաղավարներում ներկայացնում էին իրենց տեղական արտադրանքը:

Նշենք, որ փառատոնն անցկացվում էր երկրորդ անգամ, այն կազմակերպվում է «Տաթեւի վերածնունդ», «Հայրենիքի զարգացում» հիմնադրամների եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համատեղ: