Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյան համոզված է, որ իրեն սատարում է ոչ միայն ՀՀԿ-ն, այլեւ ԲՀԿ-ն։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Վահագն Գեւորգյանը, որը թիվ 28/09 ընտրատեղամասում քվեարկության էր եկել կնոջ եւ դուստրերի հետ։

«Ես քվեարկեցի Աբովյանի կայուն զարգացման համար։ Կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է, ընտրությունների արդյունքների լավագույն ցուցիչը ամփոփումը կլինի։ Կոչ եմ անում աբովյանցիներին փոխադարձ հարգանք ունենալ միմյանց նկատմամբ, ակտիվ լինել եւ քվեարկել»,-ասաց թեկնածուն։

Հարցին, թե Աբովյանում հստանում են ՀՀԿ-ին, Վահագն Գեւորգյանը պատասխանց՝ ես անկուսակցական չեմ եւ երբեք էլ չեմ եղել։ Ինձ սատարում է ոչ միայն ՀՀԿ-ն, այլեւ ԲՀԿ-ն եւ դա ինձ պարտավորեցնում է։ Շնորհակալ եմ բոլոր քաղաքական գորիչներին, հայտնի մարդկանց, ուժերի, իմ համակիրներին։ Ինձ համար թանկ է յուրաքանչյուր աբովյանցու քվեն։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 7-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված հանրապետության թվով 32 համայնքներում: Նշված համայնքներից 18-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 12 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Նշենք, որ ամենաթեժ ընտրությունները սպասվում են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որտեղ քաղաքապետի աթոռը թափուր էր մնացել Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Կարո Գուլոյանին մարզպետ նշանակելուց հետո։ Առաջադրվել են Ծառուկյանի օգնական եւ նրա հովանավորյալ հայտնի Վահագն Գեւորգյանը, որին սատարում է նաեւ ՀՀԿ-ն: Ինքնառաջադրված Էդվին Թադեւոսյանը Ծառուկյանի մորաքրոջ որդին է: Առաջադրվել են նաեւ «Քինգ դելյուքսի» սեփականատերը՝ «Պալաչ» մականունով Արթուր Գեղամի Հարությունյանը, ու եւս մեկ Արթուր Գեղամի Հարությունյան, որը կապ չունի Աբովյան քաղաքի հետ եւ առաջադրվել է «Պալաչին» խանգարելու համար։ Ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը: