Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացատրել է, թե ինչու է նոր պալատ կառուցել: Պարզվում է՝ պատճառը նախկին նստավայրի վրա խավարասերների հարձակումն է: Ըստ haqqin.az-ի, բլատտոֆոբիայով տառապելու մասին Էրդողանը պատմել է ATV հեռուստաալիքի եթերում:
«Երբ ես ստանձնեցի վարչապետի պաշտոնը, իմ նախկին նստավայրի լվացարանի շուրջ խավարասերներ էին պտտվում: Մի՞թե նման վայրն արժանի է Թուրքիայի վարչապետին: Եվ ի՞նչ կլիներ, եթե հյուրը վարչապետի նստավայրի լոգարանում խավարասերներ տեսներ»,- վրդովվել է Էրդողանը:
Անկարայի արվարձանում նախագահական նոր պալատի շինարարության համար 615 մլն դոլար է ծախսվել: Ընտրություններին նախաշեմին ընդդիմությունը նախագահի հասցեին քննադատություն էր հնչեցրել՝ նրան մեղադրելով պետական միջոցները վատնելու մեջ:
Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ավելի վաղ ասել է, որ Էրդողանի նոր նստավայրում, իբր, զուգարանակոնքերը ոսկուց են: Այս մեղադրանքին ի պատասխան՝ Էրդողանն ասել է, որ եթե ընդդիմությունն իր նստավայրում թեկուզ մեկ ոսկե զուգարանակոնք գտնի, ինքը կհեռանա պաշտոնից:





























