Ադրբեջանի իշխանությունները երկրի լավագույն դիվանագետների որս են սկսել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Եվրամիությունում Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին դեսպան Արիֆ Մամեդովը:

Հիշեցնենք, որ դիվանագետների պաշտոնանկությունները սկսվել են հենց Մամեդովի ֆեյսբուքյան գրառումից հետո, որը քննադատել էր ադրբեջանական պաշտոնյաներին:

«Չափազանց զարմացած եւ վրդովված եմ երկրի լավագույն դիվանագետների նկատմամբ սկսված որսի առիթով: Բռնաճնշումների հրահանգը ստացվել է երկրի բռնաճնշումների ֆաբրիկայից»,- գրել է Մամեդովը: Նրա խոսքով, ցանկացած հասկացությունից վեր է, երբ Facebook-ում Բաքվի ողբերգական հրդեհի հետեւանքով զոհվածների ընտանիքներին ցավակցության խոսքերին «լայք»-ի համար աշխատանքից հեռացնում են երկրի լավագույն դիվանագետներին: Նրանց ստիպում են ստորացուցիչ հայտարարություններ գրել: «Ոմանք սա համեմատում են ԽՍՀՄ-ում 1930-ականների բռնաճնշումների հետ: Այդպիսի բան չի եղել ո՛չ 30-ականներին, ո՛չ 40-ականներին եւ նույնիսկ ինկվիզիցիայի տարիներին»,- գրել է դիվանագետը:

Արիֆ Մամեդովը նշել է, որ Բելգիայի ԱԳՆ-ն պաշտոնապես դիմել է իրեն՝ թիկնապահներ տրամադրելու մտադրությամբ: «Ես երեկ գործուղումից Բելգիա վերադարձա եւ ցնցվեցի՝ իմանալով, որ Բելգիայի ԱԳՆ-ն եւ եվրոպական կառույցներն արդեն տեղյակ են այդ անիրավությունների մասին: Ինձ պաշտոնապես առաջարկեցին թիկնապահ տրամադրել ինձ եւ ընտանիքիս անդամներին: Ես հրաժարվեցի, սակայն Բելգիայի ԱԳՆ-ն պնդում է: Որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, որ ես քաղաքական ապաստան եմ փնտրում Նորվեգիայում: Հույս չունենաք»,- գրել է Արիֆ Մամեդովը:

Նա նաեւ դիմել է այն դիվանագետներին, որոնք ազատվել են աշխատանքից իր ընդդիմադիր ելույթները սատարելու համար: «Պատվովս եմ երդվում, որ ադրբեջանական ժողովուրդը կվերականգնի արդարությունը, եւ դուք այդ պետությունում ամենաբարձր պաշտոնները կզբաղեցնեք: Քիչ է մնացել»,- ամփոփել է նախկին դեսպանը: