Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտը», հերքում է, որ նախօրեին ծեծի է ենթարկել Պարույր Թորոյանին։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախկին պատգամավորը պատմեց, որ իրենք ընդամենը օգնություն են ցույց տվել։
«Մենք աշխատանքի վայրում էինք, տեսանք, որ այդ երիտասարդն իրեն վատ է զգում, մոտեցանք, օգնություն ցուցաբերեցինք ու այդ տղան գնաց։ Մենք նրան ծեծի չենք ենթարկել, ընդամենն օգնել ենք»,- ասաց Հակոբ Հակոբյանը։
Նա վստահեցրեց, որ ոստիկանությունն իրենց չի փնտրում, հարցաքննության չեն հրավիրվել։
«Երբ դեպքի մասին կարդացի ԶԼՄ-ներում, զանգել եմ ոստիկանություն ու ասել, որ ես տանն եմ, պետք է բաժին էլ կգամ, ասել են, թե պետք չէ»,- ավելացրեց նա։
Նշենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ հունիսի վեցին գլխուղեղի ցնցում ախտորոշմամբ Էջմիածնի հիվանդանոց դիմած 38-ամյա Պարույր Թորոյանը ոստիկանության աշխատակիցներին պատմել է, որ նախորդ օրը՝ ժամը 14:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում Զվարթնոց թաղամասից դեպի Նորակերտ գյուղ ընկած ճանապարհահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել իր և 52-ամյա Հակոբ Հակոբյանի («Ճոյտ») և նրա որդու՝ 22-ամյա Արայիկ Հակոբյանի միջև, որի ժամանակ Հակոբյանները ծեծի են ենթարկել իրեն: Ոստիկանությունը որոնում է հայր եւ որդի Հակոբյաններին։





























