Արտաշատցիները համոզված են, որ քաղաքապետի նախկին թեկնածուները դուրս են եկել պայքարից, որովհետեւ իրենց արժանի մրցակից չեն համարել վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ քաղաքապետի միակ թեկնածու Արգամ Աբրահամյանին: Այսօր՝ հունիսի 7-ին Արտաշատում NEWS.am-ի անցկացրած հարցմանը մասնակցած քաղաքացիները բացառեցին, թե հնարավոր է՝ Աբրահամյանների կողմից ճնշումներ են եղել նրանց նկատմամբ:

«Անհնար է, որ էստեղ վախի մթնոլորտ լինի, ուղղակի հույս չեն ունեցել, որ կհաղթեն, դրա համար դուրս են եկել: Արգամիկը շատ լավ տղա է, ու կապ չունի, որ վարչապետի որդին է:  Արգամիկն ուզում ա վարչապետի չէ, բանվորի տղա լիներ, մեկ ա, իրան էինք ընտրելու»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Արտաշատցիները նշեցին, որ մեծ հույս են կապում Արգամ Աբրահամյանի հետ, ինչի համար հիմք են հանդիսացել նախընտրական շրջանում քաղաքում նրա իրականացրած բարեկարգման աշխատաքները:

«Ինքը դեռ քաղաքապետ չի, բայց արդեն լիքը բան է արել մեր քաղաքի համար: Էսքան ժամանակ մեր փողոցները չէին ասֆալտվել, մեր երեխեքը ցեխի մեջով էին գնում-գալիս, հիմա արդեն փողոցների մի մասը կարգի են բերվել: Հույս ունենք, որ սենց կշարունակվի, ինքը ջահել, խելացի տղա ա»,- ասաց արտաշատցիներից մեկը:

Նշենք, որ Արտաշատում այսօր անցկացվում են քաղաքապետի ընտրություններ, Արգամ Աբրահամյանը քաղաքապետի միակ թեկնածուն է:

Նշենք, որ Արտաշատում քարոզարշավի սկզբին քաղաքապետի պաշտոնի թեկնածություն էին ներկայացրել եւս երկու թեկնածու՝ Աբրահամյանների ընտանիքի թշնամի համարվող Հովհաննես Ղազարյանը («Գազի Հովո») եւ «Շահումյան ալկո» ՍՊԸ տնօրեն Գարեգին Համբարձումյանը, որոնք կարճ ժամանակ անց կամովի դուրս էին եկել ընտրապայքարից: Մամուլում  հրապարակումներ են եղել այն մասին, որ Հովհաննես Ղազարյանը Աբրահամյանների ճնշման ազդեցության տակ է հրաժարվել թեկանածությունից:

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված հանրապետության թվով 32 համայնքներում: Դրանցից 18-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի, 12-ում՝ ավագանու անդամի, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

ՏԻՄ ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 38 եւ ավագանու անդամի 102 թեկնածու: