Թուրքիայում Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) տոկոսային առումով առաջատարի դիրք է զբաղեցրել խորհրդարանական ընտրություններում, սակայն անհրաժեշտ թվով տեղեր (276) չունի՝ միանձնյա կառավարություն ձեւավորելու համար: Երկրի ԿԸՀ-ի տվյալներով, քվեաթերթիկների 99%-ի հաշվարկի արդյունքներով, ԱԶԿ-ն 40.94% ձայն է ստացել կամ 259 մանդատ՝ 550 տեղ ունեցող մեջլիսում: 2011 թվականի խորհրդարանական ընտրությունների համեմատ, կուսակցությունն 9% ձայն է կորցրել:
Քանի որ ԱԶԿ-ին 276 մանդատ ստանալ չի հաջողվել, Թուրքիայի քաղաքական դաշտում պետք է կոալիցիոն կառավարություն ձեւավորվի:
Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) եւ Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ), 2011թ. համեմատ, նկատելիորեն բարելավել են արդյունքները, համապատասխանաբար, 4.5 եւ 3% քվեով: ԺՀԿ-ն ստացել է 25.2% ձայն կամ 132 տեղ խորհրդարանում, իսկ ԱՇԿ-ն՝ 16.5% կամ 82 տեղ:
Բացի այդ, խորհրդարան է անցել նաեւ քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը, որն առաջին անգամ էր ընտրություններին որպես միասնական քաղաքական ուժ մասնակցում: Նախնական տվյալների համաձայն, կուսակցությունը 12.7% ձայն է հավաքել եւ մեջլիսում ներկայացված կլինի 78 պատգամավորով: Քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը Թուրքիայի միակ քաղաքական ուժն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:





























