Հայտնաբերվել է հունիսի 4-ին Դեբեդ գետն ընկած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներից մեկի դին:

Նշենք, որ հունիսի 4-ին, ժամը 22.55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հաղպատ գյուղի եկեղեցու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել Դեբեդ գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Այրում հատվածի 7-րդ կմ-ին «ՎԱԶ 2121» մակնիշի 34 ZA 719 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել Դեբեդ գետը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ գետից ինքնուրույն դուրս է եկել 21-ամյա Վ. Ս.-ն, ով հրաժարվել է հոսպիտալացումից եւ տեղեկացրել է, որ ավտոմեքենայում են գտնվում իր հայրը` 40-ամյա Ա. Ս.-ն եւ պապը` 65-ամյա Վ. Ս.-ն:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան, որտեղ հայտնաբերվել է Ա. Ս.-ի դին. այլ քաղաքացի չի գտնվել:

Հրշեջ-փրկարարները սկսել են որոնողական աշխատանքներ, որոնք շարունակվել են մի քանի օր:

Հունիսի 7-ին, ժամը 17.50-ին Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի – Ախթալա հատվածի 18-րդ կմ-ի մոտակայքում` Դեբեդ գետում, հայտնաբերվել է Վ.Ս.-ի դին:

Ժամը 21.19-ին ջրափրկարարները գետից դուրս են բերել Վ.Ս.-ի դին:

Ողբերգական դեպք. պապը, հայրը եւ որդին «Նիվա»-ով ընկել են Դեբեդ գետը. թոռը փրկվել է, հոր դին գտել են պապին փնտրում են