Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը օրերս աշխատանքային այց է կատարել Հրադեց Կրալովիի երկրամաս:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում դեսպան Սեյրանյանին ընդունեց նահանգապետ Լուբոմիր Ֆրանցը: Նահանգապետի հետ զրույցում անդրադարձ կատարվեց նախօրեին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցի շրջանակներում երկրամասի եւ ՀՀ Տավուշի մարզի միջեւ ստորագրված համագործակցության մասին հուշագրին, քննարկվեցին գործակցության հնարավոր բնագավառները: Նահանգապետ Ֆրանցը պատրաստակամություն հայտնեց` գործնական քայլեր ձեռնարկել ստորագրված փաստաթուղթը կյանքի կոչելու ուղղությամբ:
Դեսպանը հանդիպումներ ունեցավ նաեւ երկրամասի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ եւ նրանց ներկայացրեց Հայաստանի ներդրումային քաղաքականությունն ու հնարավորությունները:
Այցը կազմակերպել էր եւ հանդիպումներին մասնակցեց Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը, որը «Մաունթֆիլդ» ակումբում կատարեց հայկական գինիների շնորհանդես:





























