Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունիսի 8-ին, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով որոշում կայացնելու:

Գործով ամբաստանյալ Արգիշտի Կիվիրյանը հրաժարվեց ռեպլիկի եւ վերջին խոսքի իրավունքից:

«Չեմ ցանկանում օգտվել վերջին խոսքի իրավունքից, քանի որ այդ գործով ինձ ամբաստանյալ չեմ համարում եւ այստեղ եմ գտնվում միայն նրա համար, որ իմ հանդեպ քաղաքական հետապնդման պատվեր է իրականացվում եւ Հայաստանում չկա անկախ դատական համակարգ, հակառակ դեպքում ամբաստանյալի աթոռին ոստիկանները նստած կլինեն: Միայն անմեղսունակները կհավատային, որ ես այդ արարքները գործել եմ»,- ասաց Կիվիրյանը:

Գործով մեղադրողն էլ իր ռեպլիկի ընթացքում նշեց, որ քաղաքական պատվեր չի կատարում, ինչին պաշտպանական կողմի փաստաբան Լուսինե Սահակյանն արձագանքեց. «Ոչ մի դատախազ չի ասի, որ քաղաքական պատվերով գործ է քննում: Ծիծաղելի է ուղղակի: Միանշանակ այստեղ քաղաքական պատվեր կա»:

ԴԻմելով դատարանին՝ Լուսինե Սահակյանն ասաց, որ ինքը հույս չունի՝ արդար դատավճիռ է կայացվելու, միեւնույն ժամանակ շեշտեց, որ այդ գործով միայն արդարացման դատական վճիռ պիտի կայացվիա, այլապես դատարանի ցանկացած որոշում «ապօրինի» է:

Նշենք, որ մեղադրող կողմը 1 տարվա ազատազրկում է պահանջել:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը: Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը: