Ծառուկյանին ինձ հետ կապելը տեխնոլոգիա էր, բայց այդպես էլ չհասկացան, որ նա Աբովյանի ընտրությունների հետ կապ չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աբովյանում քաղաքապետի ընտրություններում առավելագույն ձայներ ստացած Վահագն Գեւորգյանը:
Նա նշեց, որ շնորհակալ է աբովյանցիներին ակտիվ մասնակցության համար, իր համար թանկ է յուրաքանչյուր աբովյանցու տված քվեն: Վահագն Գեւորգյանի կարծիքով՝ սա Աբովյանի համար աննախադեպ ընտրություններ էին, նախորդ երեք ընտրությունները եղել են ոչ մրցակցային, առաջադրված էր մեկ թեկնածու: «Ի սկզբանե ասում էի, որ ունենք մեծ թիմ, բազմազահազարանոց մարդկանց բանակ, աշխատեցինք, կարողացանք մեր ծրագիրը ներկայացնել, մնում է լավ աշխատել, Աբովյանը դարձնել ամենաբարեկեցիկ, լավ քաղաքներից մեկը»,-ասաց Վահագն Գեւորգյանը:
Հարցին, թե վիրավորական չէ, որ Ձեզ որպես թեկնածու առանձին չեն ընկալում, միայն Ծառուկյանի ֆոնի ներքո է նշվում, հաղթանակի դափնիներն էլ նրան են վերագրվում, Վահագն Գեւորգյանն ասաց հետեւյալը. «Դա տեխնոլոգիա է, որը ի սկզբանե կիրառվեց, ես ասել եմ ու կասեմ՝ Ծառուկյանը այս ընտրությունների հետ կապ չունի, հաղթեն էլ պարտվեն էլ, ինձ են հաղթելու կամ պարտվեն, ոչ Ծառուկյանին: Նա Աբովյանի պատվավոր քաղաքացին է, ես հպարտ եմ, որ իր հետ ունեմ ջերմ, մարդկային հարաբերություններ, բայց նրա աջակցությունը ընտրություններին միայն բարոյական է եղել, որի համար շնորհակալ եմ»: Դիտարկմանը, թե շնորհավորանք ստացել եք Ծառուկյանից, թեկնածուն ասաց, որ դեռ նրա հետ չի հանդիպել: Ինչ վերաբերում է Ծառուկյանի կողմից Առինջ գրված ավտոբուսներով մարդկանց ընտրությունների բերելը, նա նշեց, որ այդ մասին լսել է, փաստեր չկան:
Արդյոք պատրաստ է Վահագն Գեւորգյանը քաղաքապետարանում աշխատելու համար հրավիրել մրցակից թկենածուներին, օրինակ՝ Արթուր Հարությունյանը հայտարարել էր, թե կընտրվի եւ կաշխատի Վահագն Գեւորգյանի հետ, առավելագույն ձայներ ստացած թեկնածուն ասաց, որ բաց է համագործակցության համար: Նա նշեց, որ կադրային փոխոփությունների խնդիր իր առջեւ դրված չէ, բայց միեւնույն ժամանակ, ինքը որեւէ բանով կաշկանդված չէ, ովքեր գրագետ են, մտահոգ քազաքի խնդիներով, կմնան իր հետ կաշխատեն, իսկ նրանք, ովքեր բարեխիղճ չեն, կաշկանդված չէ նրանցից ազատվել:
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Վահագն Գեւորգյանը: Ընտրողների ցուցակներում ընդգրված է 43 807 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 18 535 ընտրող:
Ձայները թեկնածուների միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ.
Վահագն Գեւորգյան - 11 227 ձայն,
Արթուր Հարությունյան (Պալաչ) – 5 459 ձայն,
Կարո Իսրայելյան – 526 ձայն ,
Էդվին Թադեւոսյան – 520 ձայն,
Արթուր Հարությունյան – 159 ձայն:





























