Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր՝ հունիսի 8-ին, Ազգային ժողովում հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը թմրամիջոց է օգտագործում:
«Թիվ 32102413 քրեական գործով Տիգրան Խաչատրյանի վերաբերյալ նշանակվել է փորձաքննություն, որի արդյունքների համաձայն՝ Տիգրան Խաչատրյանի մազի եւ մեզի փորձանմուշներում հայտնաբերվել են թմրամիջոցի հետքեր: Երբ հարց եմ տվել Սուրիկ Խաչատրյանին, նա հայտարարել է, թե իրենց տանը կա դրանից եւ իրենց ընտանիքում ընդունված է դա օգտագործել: Մինչդեռ կանեփի օգտագործումը՝ որպես սնունդ, նման արդյունք չէր ցույց տա, ինչը նշանակում է՝ Սուրիկ Խաչատրյանը նույնպես այդ թմրանյութից օգտագործում է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ դիմելով գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:
Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի պահվածքը հանրության քննարկման կենտրոնում է, սակայն դա պետք է արվի նաեւ պետական մակարդակով, քանի որ Սյունիքի մարզպետի գործելաոճն ապացուցում է, թե ինչ վտանգավոր մթնոլորտ է տիրում Հայաստանի քաղաքական դաշտում:
«Դուք էլ պաշտպանում եք նման անձանց, պարոն Կոստանյան: Երեւի ունեք «ոչ արդար» ակնկալիքները: Չմոռանանք, որ օրեր առաջ կառավարությունը Ձեր օգնականին 100 հազար դոլարանոց մեքենան է նվիրել: Բնական է, Դուք ծառայում եք իշխանություններին, նրանք էլ փոխհատուցում են: Նույնիսկ հունվարի 12-ին Դուք չպահեցիք Ձեր խոստումը»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Փոստանջյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ իր հերթին հայտարարեց, թե «այս բարձրախոսները մեղք են, մեղք»:





























