Եվրոպայի խորհուրդը Համաշխարհային բանկի եւ ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ հունիսի 8-ին կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Միջոցառումն իրականացվել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի եւ հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում:

Կլոր սեղան-քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ինչպես նաեւ՝ Եվրոպայի խորհրդի եւ Համաշխարհային բանկի փորձագետներ, ՀՀ Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարությունների, դատական իշխանության, Կենտրոնական բանկի եւ այլ բանկերի ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ անձինք:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը ողջունել է մասնակիցներին եւ նշել, որ օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները շատ կարեւոր են Եվրոպայի խորհրդի եւ միջազգային չափորոշիչներին համապատախան Հայաստանում անվճարունակության ոլորտի բարեփոխումներ իրականացնելու  համար: Ըստ նրա՝ պետք է մտցնել այնպիսի կարգավորումներ, որոնք կբացառեն պարտատիրոջ շահի գերակայությունը: «Պետք է ֆինանսական առողջացման հիմքերը լինեն անհրաժեշտ եւ բավարար՝ հաշվի առնելով եւ Կենտրոնական բանկի եւ դատավորների կարծիքները»,-ընդգծել է Արսեն Մկրտչյանը:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը շուկայական տնտեսության պայմաններում կարեւորել է օրենքով սահմանվող պատշաճ կարգավորումների առկայությունը, որոնք կապահովեն իրավական գործուն մեխանիզմներ ինչպես պարտապանի, այնպես էլ պարտատիրոջ շահերի բալանսավորված պաշտպանություն համար: Ըստ նրա՝ կատավել է բազմակողմանի ուսումնասիրություն եւ վերլուծություն միջազգային կառույցների՝ Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, Համաշխարհային բանկի փորձագետների հետ համատեղ՝ օրենքում առկա բոլոր թերությունների ու բացերի շտկման եւ սնանկության եզրին գտնվող տնտեսվարողների խնդիրներին լուծում տալու նպատակով: «Մենք փորձել ենք նախագիծը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին՝ հաշվի առնելով նաեւ տեղական առանձնահատկությունները, որպեսզի կարողանանք համակողմանիորեն պաշտպանել պարտատերերի եւ պարտապանների շահերը»-եզրափակել է Սուրեն Քրմոյանը:

Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ընդգծել է Եվրոպայի խորհրդի պահանջներին համապատասխան սնանկության ոլորտի բարեփոխումների եւ ներդրումների շուկայի բարելավման կարեւորությունը: «Պետք է նախանշել գլխավոր ուղղությունները, որոնք կնպաստեն նաեւ տնտեսական զարգացմանը, քանի որ այն ուղիղ համեմատական է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների զարգացմանը»,- ասել է Նատալյա Վուտովան՝ ընդգծելով, որ ԵԽ գլխավոր գործընկերներից մեկն այս ոլորտում Արդարադատության նախարարությունն է, եւ ԵԽ-ն կշարունակի բարեփոխումներին ուղղված իր աջակցությունը:

Եվրոպայի խորհրդի եւ Համաշխարհային բանկի փորձագետներն իրենց դիտարկումներն են ներկայացրել «Սնանկության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների ու լրացումների, ինչպես նաեւ՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին դրանց համապատասխանության վերաբերյալ: Մասնավորապես՝ նրանք անդրադարձել են սնանկության կառավարիչների եւ դատավորների համալրման ու վերապատրաստման ապահովման, առողջացման դրույթների բարելավման եւ մորաթորիումի դրույթների վերանայման խնդիրներին՝ ընդգծելով, որ գործող օրենքն ավելի շատ պաշտպանում է պարտատիրոջ շահերը: