Ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանի հետ կապված դատական ֆարսը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչ կարգեր են տիրում Ադրբեջանում: Այս մասին հայտարարեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի Վերաքննիչ դատարանում ֆարսի շարունակումն ու Բաղդասարյանին վերագրվող ադրբեջանական լրատվամիջոցների հայտարարությունները:
«Նախ՝ նրան վերագրվող հայտարարությունները խիստ կասկած են հարուցում՝ հաշվի առնելով, որ դատավարությունն անցնում է դռնփակ, իսկ լրատվամիջոցներին տեղեկատվությունը հասնում է պաշտոնական խողովակներով: Բայց եթե անգամ այդ հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա դրանք արվել են անելանելի իրավիճակից, կտտանքների եւ ծաղրի ներքո: Բոլորին է հայտնի, թե Ադրբեջանում ինչպես են վարվում հայ գերիների հետ: Այդպիսի վերաբերմունք է դրսեւորվում նաեւ սեփական իրավապաշտպանների եւ ընդդիմադիրների նկատմամբ: Լեյլա Յունուսի դեպքը վառ օրինակ է. սպառնալիքներ, ծաղր, կտտանքներ, բռնություն»,- նշեց արցախցի պաշտոնյան:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարն ափսոսանք հայտնեց, որ միջազգային հանրությունը փակում է աչքերը թվարկված փաստերի նկատմամբ: «Ոչ ոք հանդես չեկավ Ադրբեջանում գերության մեջ գտնվողներին ղարաբաղյան կողմին փոխանցելու առաջարկությամբ: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղում դատապարտված մարդասպանների մասին բազմաթիվ միջնորդություններ են հնչել: Ադրբեջանի իշխանությունները գործում են ԻԼԻՊ-ի օրինակով. կտտանքների են ենթարկում գերիներին, ձայնագրում են, իսկ հետո ցուցադրում են ամբողջ աշխարհին»,- փաստեց Դավիթ Բաբայանը:





























