Հունիսի 7-ին, ժամը 23.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 19.25-ին, բուժօգնություն են ցուցաբերել 53-ամյա կնոջ, ով հայտնել է, որ 3 օր առաջ իրեն վրաերթի են ենթարկել:

Մեկնած օպերատիվ խմբին հիշյալ կինը հաղորդում է տվել, որ հունիսի 4-ին, ժամը 13.15-ի սահմաններում, սպիտակ գույնի, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Գորկու փողոցում` դեղատան մոտ, հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել իրեն, ինչի հետեւանքով ինքը ստացել է մարմնական վնասվածք եւ դիմել հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: