ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային եւ նրան առաջարկել քննարկել ՀՀ դպրոցներում Արգենտինական տանգոյի մրցաշար կազմակերպելու հնարավորությունը:

Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` նախարարը հույս է հայտնել, որ կրթության եւ գիտության ոլորտում հայ-արգենտինական կապերը նոր զարգացում կապրեն` հաշվի առնելով ջերմ եւ ավանդական հարաբերությունները երկու ժողովուրդների միջեւ:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իր համար պատիվ է դեսպան լինել 4000 տարվա պատմություն ունեցող, պայքարի եւ մաքառումների միջով անցած երկրում: Դեսպանի խոսքով` Արգենտինայում բնակվում եմ շուրջ 150 հազար հայեր եւ հայկական համայնքն իր ուրույն եւ նշանակալի ավանդն ունի երկրի զարգացման եւ բարգավաճման հարցում:

Արմեն Աշոտյանն անդրադարձել է Արգենտինայի դպրոցներում եւ բուհերում հայերենի դասավանդման հնարավորությանը` առաջարկելով հայ մասնագետների օգնությունն արգենտինական կողմին: Նախարարը խոսել է նաեւ ՀՀ դպրոցներում իսպաներենի ուսուցումը խրախուսելու, դասավանդման ժամանակակից մեթոդաբանության ներդրման, ինչպես նաեւ գիտատեխնիակական ոլորտում համագործակցության ընդլայնման մասին: Կողմերն անդրադարձել են նաեւ միջբուհական, մասնավորապես, Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի եւ Բուենոս-Այրեսի պետական համալսարանի միջեւ համագործակցության հնարավորությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ երկու երկրների միջեւ կրթության եւ գիտության ոլորտում գալիք տարիների նախագծերին, այդ թվում` երիտասարդ մասնագետների լեզվական հմտությունների զարգացման եւ փոխանակման ծրագրերի համատեքստում:

Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է դեսպանին քննարկել ՀՀ դպրոցներում Արգենտինական տանգոյի մրցաշար կազմակերպելու հնարավորությունը: