ԿԳ նախարարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկում է լիցենզավորել կրկնուսույցների գործունեությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ շուտով այդ նախագիծը կներկայացնեն կառավարության աշխատակազմին:

«Առաջնային խնդիրը կնկնուսույցներին հարկային դաշտ բերելը չի, թեպետ դա էլ է խնդիր. տարեկան 25-30 միլիոն դոլարի ստվերային շրջանառություն կա: Իմ խնդիրը այն է, որ մեր երեխաները առավոտից երեկո գնում են ինչ-որ մարդկանց տներ եւ  անհասկանալի պայմաններում կրթություն են ստանում: Լիցենզավորման իմաստը նաեւ  այն է, որ ֆիքսենք, թե որ ժամից կարող է աշխատել կրկնուսույցը, որ նա չկարողանա դասերի ժամերի հաշվին պարապմունք անցկացնել»,- ասաց նախարարը:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ կրկնուսույցները միաժամակ 10 հոգանոց խմբերով են պարապում, ինչը վտանգավոր է նաեւ երեխաների առողջության համար: Նա նշեց, որ քննական հարցերն ավելի հեշտ դարձնելու նպատակն այն է, որ աշակերտներն առանց կրկնուսույցների օգնության՝ ինքնուրույն կարողանան պարապել բուհ ընդունվելու համար:

Նշենք,որ ավագ դպրոցների համակարգի ներդրումից հետո դիմորդները, միեւնույն է, շարունակում են օգտվել կրկնուսույցների ծառայություններից: Կրկնուսույցի հետ պարապելու՝ մեկ ամցվա վճարը տատանվում է 30-ից մինչեւ 100 հազար դրամի սահմանում: