Իրեն սեռական հարաբերության առաջարկ արած Կարեն Մկրտչյանին սպանելու մեջ մեղադրվող Կարինե Սոբչենկոյի համար մեղադրողն այսօր`հունիսի 9–ին, պահանջեց 11 տարվա ազատազրկում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ամբաստանյալի պաշտպան Կարինե Խաչատրյանը։
«Ստանդարտ ձեւակերպումներ էին` ստանդարտ մեղադրական հիմնավորումներով։ Ես կարծում եմ, որ 11 տարվա ազատազրկման պահանջը հիմնավոր չէ, քանի որ այստեղ դիտավորյալ սպանություն չկա, որեւէ մեկին դիտավորյալ կյանքից զրկելու նպատակ Կարինեն չի ունեցել», ասաց պաշտպանը։
Կարինե Խաչատրյանը նշեց, որ ինքը դատարանից ժամանակ է խնդրել պաշտպանական ճառին պատրաստվելու համար։ Դատարանը նրա միջնորդությունը բավարարել է։ Կարինե Խաչատրյանը պաշտպանական ճառով հանդես կգա հաջորդ դատական նիստին։
Հիշեցնենք, որ ամբաստանյալ Կարինե Սոբչենկոյին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2014թ. հունիսի 30-ին Երեւանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի թիվ 2 տան նկուղային հարկում գտնվող սենյակներից մեկում, վրդովված լինելով Կարեն Մկրտչյանի կողմից իրեն սեռական հարաբերության առաջարկ կատարելու հանգամանքից, խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին, դիտավորությամբ ապօրինաբար նրան զրկելով կյանքից: Կարինեն պնդում է, որ Կարենը փորձել է բռնաբարել իրեն:





























