Ժամկետային զինծառայող Մանուչար Մանուչարյանին ինքնասպանության հասցնելու գործով վկա Արման Սահակյանն այսօր` հունիսի 9–ին, հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքներից` պնդելով, որ դրանք սուտ են։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացրեց տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը` ավելացնելով, որ վկան իր նախաքննական «սուտ» ցուցմունքում նշել է, որ ականատես եղել, թե ինչպես է գործով ամբաստանյալ Բաբկեն Գաբոյանը ինքնասպանության դեպքից մեկ ամիս առաջ ստորացրել հանգուցյալ Մանուչար Մանուչարյանին։
«Եթե նախորդ վկան խիզախություն ունեցավ հրաժարվել իր ցուցմունքներից եւ ասել, որ ինքը սպառնալիքների ճնշման տակ է սուտ ցուցմունք տվել, ապա այս վկան ասում է, որ իր ցուցմունքները սկզբից մինչեւ վերջ սուտ են, գրել է այն, ինչ քննիչն է թելադրել, սակայն ասում է, որ իրեն չեն ստիպել, կամ չեն վախացրել, չի համարձակվում ասել, որ իրեն ստիպել են։ Ասում է` պապիկս էր մահացել, ես հոգեբանական ճնշումների տակ էի, վշտի մեջ էի, կամազուրկ էի դարձել, դրա համար չկարողացա դիմադրել, ինչ ասեցին, ես էլ գրեցի։ Բայց ինքը դեպքից 20 օր եւ 1 տարի հետո է ցուցմունք տվել, պապիկի մահվանից բավականին ժամանակ է անցել։ Ես վստահ եմ, որ սպառնալիքներ եղել են»,– պատմեց փաստաբանը` ավելացնելով, որ անհավատալի է, որ վկան կարող էր առանց ճնշումների սուտ ցուցմունք տալ։
Ռուբեն Մարտիրոսյանի խոսքով` ինքը փորձել է «դուխ» տալ վկային, որպեսզի նա չկաշկանդվի ճշմարտությունն ասելուց, սակայն դա դուր չի եկել մեղադրողին։
«Ես փորձեցի վկային բացատրել, որ հավատում ենք իր ասածներին, բայց չենք հավատում, որ առանց սպառնալիքների է քննիչի թելադրածը գրել, որ նա պետք է ճշմարտությունը հայտնի, քանի որ նաեւ նրա ցուցմունքի հիման վրա է, որ երկու ընկերներ արդեն երկու տարի կալանքի տակ են պահվում ծանր մեղադրանքով։ Քննիչին ասացի` է՞ս չի քո արած քննությունը, դա քննիչին դուրը չեկավ։ Ասացի, որ դատախազը հանցագործ է, նախաքննության ընթացքում նրա պատասխանատվությամբ մի շարք հանցագործություններ են կատարվել»,–ասաց Ռուբեն Մարտիրոսյանը` հավելելով, որ իր այդ հայտարարությունից հետո դատավորն ապօրինաբար իրեն 3 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից մեղադրողին վիրավորելու համար։
Պաշտպանը նաեւ ավելացրեց, որ դատարանի դահլիճն իր հետ լքել է նաեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը, որը, ըստ նրա, ոչ միայն իրավաբանորեն, այլեւ բարոյական տեսականությունից է ճիշտ վարվել։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրականի՝ ամբաստանյալներ Բաբկեն Գաբոյանը եւ Արման Ստեփանյանն իրենց անառարկելի հեղինակությունն ամրապնդելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ կատարել են իրենց լիազորությունների և իրավունքների սահմաններից դուրս դիտավորյալ գործողություններ: Պարբերաբար բնույթ կրող ծեծի, ստորացումների, անձնական արժանապատվությունը նվաստացնող գործողությունների ու ծաղրի հետևանքով շարքային Մ.Մանուչարյանի մոտ զարգացել է «սուր դեպրեսիվ հակազդում»` ստեղծված իրավիճակից որպես անելանելի ընկալման զգացողությունով, արդյունքում, վերջինը 31.07.2013թ. ժամը 13.00-ի սահմաններում իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով ենթակզակային շրջանում կրակոց արձակելով գործել է ինքնասպանություն:
Բաբկեն Գաբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ, 358.1 հոդվածի 4-րդ մասով, իսկ Արման Ստեփանյանին՝ 358.1 հոդվածի 4-րդ մասով:





























