Հյուսիսային պողոտայում հունիսի 7-ին մահացած հայտնաբերված 93-ամյա կնոջ վրա հայտնաբերվել են բռնության բազմաթիվ հետքեր:

NEWS.am-ը Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների՝ 93-ամյա Սաբհա Սամենի Մանսուրի մարմնի վրա հայտնաբերվել են քերծվածքներ, արյունազեղումներ` դեմքի, պարանոցի շրջաններում, կոկորդի փափուկ հյուսվածքներում, ենթալեզվային ոսկրի կոտրվածք, ինչպես նաեւ՝ կրծոսկրի մարմնի, աջից եւ ձախից` կողերի կոտրվածքներ, բժշկական միջամտությունների հետքեր:

Նախնական ախտորոշման համաձայն՝ Ս.Ս. Մանսուրի մահվան պատճառ է դարձել մեխանիկական շնչահեղձությունը՝ պարանոցի օրգանների սեղմման հետեւանքով:

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն) ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ տարեց կնոջ սպանության հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։