Հայաստանում արտաքին ներդրումների անկումը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետեւանք չէ: Այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նախարարի հավաստմամբ, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը համընկավ տարածաշրջանում տնտեսական անկման հետ: Դա նկատվում է ոչ միայն Հայաստանում եւ Ռուսաստանում, այլ նաեւ Վրաստանում, Ղազախստանում, Ադրբեջանում:
«Ամեն դեպքում, Հայաստանում արդյունաբերական նոր նախագծերի շուրջ հետաքրքրություն կա: Դրանցից մեկը «Ռուսալ-Արմենալ» գործարանի վերազինման նախագիծն է»,- հավելեց փոխվարչապետը:





























