Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն արդեն սկսում են հարկային մարմինների փոխգործակցության դժվարին համագործակցությունը: Այս մասին հունիսի 9-ին հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով Միության պետությունների միջեւ արտահանման ժամանակ ԱԱՀ-ի վերադարձի դժվարությունների մասին NEWS.am-ի թղթակցի հարցին:
Ըստ Գաբրիելյանի, շատ բան կախված է հարկային հաշվառման միասնական պրակտիկայից եւ տվյալների բազայի փոխգործակցությունից: Խոսքը ոչ միայն Հայաստանի, այլեւ միության անդամ մյուս պետությունների մասին է:
Միասնական չափանիշներ են հարկավոր, որոնցով տարբեր երկրների հարկային մարմինները կկարողանան տեղեկություններ փոխանակել ապրանքների կոնկրետ խմբաքանակների մասին, որպեսզի հստակ լինի, թե որ պետությունում է դրանցից ԱԱՀ գանձվում: «Այդ աշխատանքը ջանքեր է պահանջում, ընդ որում՝ ոչ միայն մեր կողմից: Բայց մենք արդեն միասին սկսել ենք այդ աշխատանքը»,- հավաստեց փոխվարչապետը:
Հարցին, արդյո՞ք այն արտահանողները, որոնք նախապես գնի մեջ ներառում են ԱԱՀ-ն, օրենք են խախտում, Գաբրիելյանը պատասխանեց. «Չեն խախտում, բայց դա խնդիր է, որը մենք արդեն լուծում ենք»:





























