«Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի դեմ պայքարը շարունակվում է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորի խոսքով՝ իրենք շարունակում են գրություններ ուղարկել կառավարությանը, կենտրոնական բանկին, որոնցից ստացված պատասխաններն էլ պարբերաբար ներկայացվում են Սահմանադրական դատարանին:
«Մեր պայքարը շարունակվում է: Այն, որ անընդհատ չենք հայտարարում, թե այս գրությունն ուղարկեցինք, սա արեցինք, դա արեցինք, չի նշանակում, որ մենք չենք պայքարում: Սա հենց ապացուցում է, որ մենք հարցին լուրջ ենք մոտենում: Եթե նույնիսկ Սահմանադրական դատարանը հուլիսի 7-ին մեր պահանջը չբավարարի, մենք միեւնույնն է՝ շարունակելու ենք պայքարը»,- նշեց ՀՅԴ-ական պատգամավորը:
Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների բողոքը Սահմանադրական դատարանը քննելու է 2015թ.-ի մարտի 31-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատարանի կայքից:
Հիշեցնենք, որ կուտակայինի հարցով խորհրդարանական ոչ իշխանական եռյակը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», 2014թ. հոկտեմբերի 3-ին դիմել են Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը հարակից փոփոխություններով Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ բողոքով: Նիստը նշանակվել էր 2015թ. մարտի 31-ին, ապա հետաձգվել եւ նշանակվել հուլիսի 7-ին:





























