Պարբերականը զրուցել է հայ երգիչ Ռուբեն Հախվերդյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված այդ զրույցից:

Պարոն Հախվերդյան, Hurrieyet Daily News-ում հրապարակում կա, որ թուրքական երաժշտական ընկերությունները նպատակ ունեն ձեռք բերել Ձեր երգերի հեղինակային իրավունքը եւ դրանք տարածել Թուրքիայում: Կա՞ այդպիսի բան:

Մի հատ երգ ունեմ՝ կոչվում է «Իմ իրավունքն այն է, որ ես իրավունք չունեմ»: Հեղինակային իրավունքն առաջին հերթին մեզ մոտ է խախտվում, երբ «լեւի» դիսկ են տպում: Բայց եթե թուրքերը կարող են որակով ներկայացնել իմ երգերը, ինչո՞ւ ոչ, թող վերցնեն: Եթե ռուսները կարող են իմ երգերը կատարել, սերբերը կարող են, ինչո՞ւ թուրքերը չկատարեն: Ես այդ հարցազրույցում ասել եմ, որ ինձ համար կարեւոր է մարդ արարածը, նրա հատկությունները: Ազգայնականությունը սխալ բան է: Ասել եմ, որ հայերը գողանում են թուրքական երգերը: «Սեւ-սեւ աչերը» ո՞ւմ երգն է: Թուրք Իհրահիմի: Ճիշտ եմ ասել, ասածիս տեր եմ:

«Hurrieyet Daily News»-ին տված հարցազրույցում ասել եք, որ օտարացած եք Երեւանից: Ի՞նչն է պատճառը:

Ես ինձ օտարացած չեմ զգում քաղաքից, երբեք: Դա մշակույթից է: Եթե քաղաքը հիվանդ է, ես պետք է բուժեմ իմ երգերով: Նոր փոխհարաբերություններն են հիվանդացրել քաղաքը: Դա եղավ այն ժամանակ, երբ նյութական արժեքները գրավեցին հոգեւոր արժեքների տեղը, փոխարինեցին հոգեւորին: Հայերը վռազով ուզեցան կապիտալիստ դառնալ ու որոշ թափթփուկներ սկսեցին ջահել կանանց հետեւից ֆռֆռալ եւ այլն, կարծեցին, թե փողով ամեն ինչ կարելի է անել: ՀՀՇ-ից սկսած մինչեւ հիմա կատարվում է նույն բանը: Հիմա էլ մանր-մունր գործողությունները չեն օգնի, պետք է անել մեծ գործողություններ…Դրա համար գաղափարախոսներին խփեցին, Լեոնիդին, Մոնթեին… Նրանք իմ ընկերներն էին: Բացի հերոս լինելուց, նաեւ գաղափարախոս էին: Ռուսական հետախուզությունը վերահսկում է գաղափարախոսներին: Ես ինձ այդքան մեծ չեմ համարում, բայց մարդիկ են ինձ գաղափարախոս համարում: Ես դրա համար եմ թաքնվում:

Այսինքն Դուք վախենո՞ւմ եք Ձեր կյանքի համար:

Ես պիտի ապրեմ, որ ապրեցնեմ, թե չէ մեծ հաճույքով ինքնասպան կլինեի, մեծ հաճույքով, երբեմն մտածում եմ: Ես վախ չունեցող մարդ եմ, վաղը իմ միջից «սպրիչով» հանած է: Բայց ես իմ երգերով պիտի բուժեմ: Մենք դժվար վիճակի մեջ ենք: Բայց ես գիտեմ գաղտնիքը…Չեմ ասի, չպետք է ոչ մի հետախուզություն իմանա այդ մասին: Մենք պիտի հայ մնանք, մենք պիտի հայերեն խոսենք: Գիտե՞ս ինչու եմ երգեր գրում, որ հայերենը չմոռանանք: