ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի աշխատանքային այցը Գյումրի մեկնարկել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցից, ուր նախարարը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ ծանոթանալով Ա. Վարդանյանի աշխատանքներին, քննարկել է միջնադարում ապրած եւ ստեղծագործած հայ նշանավոր ճարտարապետ Տրդատի արձանը ստեղծելու եւ Գյումրիում տեղադրելու թեման:

Հաջորդ կանգառը ՀՀ ԳԱԱ Ա. Նազարյանի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներական սեյսմաբանության ինստիտուտն էր, (որի շինարարությունը տարիների ընդմիջումից հետո վերսկսվել էր), ուր նախարարը ծանոթացել է քաղաքաշինական ԾԻԳ ՊՀ պատվիրատվությամբ պետբյուջեի միջոցներով իրականացվող շինաշխատանքների ընթացքին:

Մինչ մարզպետարանում նախատեսված խորհրդակցութունը Նարեկ Սարգսյանը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի եւ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանի ուղեկցությամբ եղել է Գյումրիի Սավոյան փողոցում եւ «Ֆանտաններ» կոչվող թաղամասում, որտեղ դեռեւս մեծ թիվ են կազմում տնակային տնտեսություն վարող անօթեւանները:

Շիրակի մարզպետարանում՝ խորհրդակցությունից առաջ նախարար Սարգսյանը պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին, անդրադառնալով Շիրակի մարզի բազմաթիվ քաղաքաշինական հիմնահարցերին:

Մարզպետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախարարը անդրադարձ է կատարել Գյումրիում արդեն իսկ մեկնարկած՝ բնակարանների գնման վկայագրերի ծրագրի ընթացքին, Ախուրյանում եւ այլ գյուղական բնակավայրերում բնակապահովման խնդրի լուծմանը, սեփականաշնորհման գործընթացին, վթարային շենքերի ուժեղացման, Գյումրիի շրջանցիկ ճանապարհի եւ այլ խնդիրների:

Մինչեւ 2016 թվականի վերջը Գյումրիի համար նախանշելով իբրեւ Աղետի գոտի բնորոշումից իսպառ ձերբազատված լինելու ժամանակահատված, քաղաքաշինության նախարարը կարեւորել է նաեւ Գյումրիում զարգացման ծրագրերի իրականացումը, նշելով, որ Գյումրին միակ քաղաքն է Երեւանից բացի ամբողջ հանրապետությունում, որն իր վրա կարող է եւ պետք է վերցնի որոշ մայրաքաղաքային ֆունկցիաներ:

Հավելենք, որ Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու քաղաքապետարանի պատասխանատուներից զատ խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանը, որը ներկայացրեց իր ղեկավարած կենտրոնի հետազոտությունների արդյունքում ձեւավորված առաջարկությունները: