Ազգային ժողովում հունիսի 11-ին տեղի կունենա «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառումը, որն իրականացվում է ԱԺ նախաձեռնությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) աջակցությամբ:

Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառման նպատակն է նպաստել պատգամավորների, ԱԺ հանձնաժողովների, ԱԺ աշխատակազմի եւ քաղաքացիական հասարակության միջեւ արդյունավետ եւ փոխշահավետ երկխոսությանը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ ԱԺ հանձնաժողովների, ՀՀ ԱԺ աշխատակազմի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում կկազմակերպվեն քննարկումներ: 

Քննարկումներին զուգահեռ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին հարակից սրահում կցուցադրվեն հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրված ՀՀ ԱԺ 12 մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտներին համապատասխան տեղեկատվական նյութեր՝ ՔՀԿ-ների կողմից վերջին տարվա ընթացքում իրականացված ծրագրերի մասին, հետազոտություններ, վերլուծություններ եւ այլ հրապարակումներ:

 Սույն նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ ԱԺ-ում երկրորդ անգամ: