Այժմ նաեւ Տավուշի եւ Արմավիրի մարզերում գտնվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները, զանգահարելով 911 եւ 112 արագ արձագանքման հեռախոսահամարներին, կմիանան արտակարգ իրավիճակների կառավարման տեղի գրասենյակներին: Համակարգը գործարկվել է` վերոնշյալ մարզերում հաջողությամբ փորձարկվելուց հետո: Նախկինում, 911 հեռախոսահամարին զանգ կատարելիս, մարզերի բնակիչները միանում էին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության (ՀՀ ՏԿԱԻՆ) Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին, որտեղից արտակարգ իրավիճակի մասին տեղեկությունը փոխանցվում էր համապատասխան մարզային գրասենյակ:
Մինչեւ այդ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նման հնարավորությունն ընձեռել էր Լոռու, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում գտնվող իր բաժանորդներին:
«Աղետներին կամ ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքելու կարողությունն էական նշանակություն ունի մարդկային կորուստները կանխելու եւ ռազմավարական նշանակության տեղանքներում անհրաժեշտ օգնություն ապահովելու առումով: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապահովում է տեխնիկական գերժամանակակից միջոցներ եւ տրամադրում է իր գերհզոր ցանցի հնարավորությունները՝ 911/112 արագ արձագանքման հեռախոսահամարները երկրի տարածքով մեկ տեղայնացնելու նպատակով: Հաշվի առնելով տարածաջրանին հատուկ ռիսկի գործոնները՝ ընկերությունն աջակցում է աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված՝ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության առանցքային ծրագրերին»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու ՀՀ ՏԿԱԻՆ-ի կողմից իրականացվող համատեղ ծրագրի շրջանակներում հատուկ տեղադրված սարքավորումը, օգտագործելով 911 եւ 112 հեռախոսահամարներին զանգահարող անձի գտնվելու վայրի վերաբերյալ՝ բջջային կայանից ստացվող տվյալները, զանգը վերահասցեավորում է դեպի համապատասխան մարզի՝ արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակ: Նորարարության նպատակն է կրճատել մարզերում գրանցված արտակարգ իրավիճակներին արձագանքելու ժամանակը:
Նոր համակարգն աստիճանաբար կներդրվի բոլոր մարզերում:
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:





























