ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա, հարուցվել է քրեական գործ` Ռուսաստանի Դաշնության անձնագիր ձեռք բերելու հարցում աջակցելու պատրվակով խարդախությամբ խոշոր չափի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն անձի գործողություններից տուժած քաղաքացիների շրջանակն ավելի ընդգրկուն է. վարույթն իրականացնող մարմին են դիմել այլ անձինք եւս եւ ներկայացրել գրավոր հաղորդում` ՌԴ մեկնելու, ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու հարցում օգնելու պատրվակով Աստղիկ Աբաջյանի կողմից իրենցից գումարներ հափշտակելու վերաբերյալ։
Քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Աստղիկ Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Վարույթն իրականացնող մարմինը դիմում է մեր համաքաղաքացիներին՝ եթե կան անձինք, ովքեր տուժել են լուսանկարում պատկերված կնոջ գործողությունների հետեւանքով, խնդրում ենք դիմել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





























