Երեւանում դելֆինարիում-ջրաշխարհ է կառուցվում: Օբյեկտի շինարարության աշխատանքներն արդեն մեկնարկել են:
Այն կառուցվում է քաղաքի «Առաջին մասում» գտնվող Կոմիտասի անվան այգում: Որոշ տվյալներով, այն պատկանում է Երեւանի նախկին քաղաքապետ, ներկայումս Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանին եւ մի ռուս ձեռնարկատերի, որի անունը չի հաղորդվում:
Շինարարության նպատակով, արդեն այգուց հանվել են ատրակցիոնները: Ամենայն հավանականությամբ, այգուց կհանվի նաեւ ժողովրդական արվեստի եւ ձեռագործի կենտրոնի շենքը:
Հայաստանի կառավարությունն արդեն շտապել է որոշում ընդունել, որը կհեշտացնի շենքի քանդումը: Համաձայն որոշման, Մշակույթի նախարարության մի քանի կառույցներ, այդ թվում վերոնշյալ կենտրոնը, միավորվելու են մեկ հաստատության կազմում:
Իհարկե, գործադիրը պատճառաբանել է իր որոշումը ոչ թե դելֆինարիումի սեփականատերերին հաճոյանալու փաստով, այլ Մշակույթի նախարարության աշխատանքները արդյունավետ կազմակերպելու բարի ցանկությամբ:
Նկատենք, որ որոշակի տեղեկություններ ունենալով, մենք առավել հաճախ ենք բախվում այնպիսի դեպքերի, երբ կառավարության ներկայացրած հիմնավորումները այս կամ այն որոշումը կայացնելիս հաճախ չեն համընկնում իրական նպատակների հետ:




























