Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» գործարանում երեկ լուսադեմին վառարանից հոսած լավայի հետեւանքով հրդեհ է բռնկվել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց պատգամավորը:
Նա նշեց, որ հալեցրած հումքից արտահոսք է եղել եւ հրդեհ է բռնկվել, բարեբախտաբար, տուժածներ չկան: Պատգամավորն ասաց, որ այժմ գործարանը չի աշխատում, վնասվել է ամեն ինչ՝ գույքը, հումքը սարքավորումները, հաշվարկներ են անում, թե ինչքանի վնաս է հասցվել: «Ինչ ասես, վառվել է, լիքը բան, տաք լավան որ դուրս է եկել, դեմը առնել չի լինում, շատ մեծ վնաս է տվել: Չգիտեմ՝ երբ կաշխատի գործարանը, դեռ հաշվարկներ ենք անում, մենակ վառարանը 3մլն դոլար է, պետք է քանդել, նորը կառուցել, իսկ դա կարող է տեւել մեկ տարի: Պատկերացրեք մեր գործարանի չաշխատելը ինչքան վնաս կտա տնտեսությանը, այստեղ 1200 մարդ է աշխատում»,-ասաց նա:
Իսկ թե ով է մեղավոր հրդեհի բռնկման մեջ, Մելիք Մանուկյանն ասաց, որ ոչ ոք, դա անփություայն հետեւանք չէ, տեխնոլոգիական հարց է:նման բաներ լինում են, պարզապես մինչ այս նման ահռելի հրդեհ չէր եղել:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ երեկ լուսադեմին հրդեհ է բռնկվել Մելիք Մանուկանի՝ Շշերի Մելոյի պահեստում: ԲՀԿ պատգամավորներն անհանգիստ եռուզեռի մեջ էին ԱԺ-ում: ԲՀԿ համակարգող Աբրահամ Մանուկյանը, հեռախոսն ականջին, խոսում էր իրենց «տուժած ախպոր» հետ, թե. «Գիշե՞րն ա էղե, առավո՞տ, շլանգ պե՞տք ա, արդեն հանգցրե՞լ են, շա՞տ ա բան էլե»: Խոսակցությունն ավարտելուց հետո պարոն Աբոյին հարցրինք՝ բա «շլանգ» որտեղի՞ց էիք տանելու էս ԱԺ-ից: «Շլանգների մոտից»,- ասաց նա ու ինքն իր հումորի վրա երկար ծիծաղեց: Հիմա ի՞նչ եք անելու ՝ փոխհատուցելո՞ւ եք կրած վնասները: «Մելոն եթե կարիք զգա, մենք 24 ժամ իր կողքն ենք՝ամբողջ ֆրակցիան, իրա ընգերներով, սաղով»: »,–գրում է թերթը։




























