Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների, ինչպես նաեւ «Երեւան Ջուր», «Երեւան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» եւ մի շարք այլ կազմակերպությունների կողմից ընթացիկ աշխատանքների կատարման, վթարների վերացման նպատակով քանդման աշխատանքների իրականացման վերաբերյալ պատասխանատուներին խստորեն հանձնարարել էր չթույլատրել որեւէ աշխատանք՝ մինչեւ տվյալ տարածքները չկահավորվեն համապատասխան ճանապարհային նշաններով եւ ցուցանակներով: Սահմանված չափանիշների վերաբերյալ նշված բոլոր կառույցների ղեկավարներին մեկ անգամ եւս հիշեցման ծանուցումներ են ուղարկվել:
Մայրաքաղաքի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում ծավալված աշխատանքների ընթացքին հետեւել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը: Տեղերում ի հայտ եկած որոշակի թերությունների արագ շտկման վերաբերյալ տրվել են հանձնարարականներ: Շրջայցի արդյունքում պարզվել է, որ սահմանված չափանիշների ապահովման մասով ամենապարտաճանաչը «Երեւան Ջուր» ընկերությունն է:
Կազմակերպությունների ղեկավար-ներկայացուցիչներին հիշեցվել է նաեւ ասֆալտի շերտը բացառապես սղոցներով կտրելու եւ հետլիցքը սահմանված նորմերով կատարելու անհրաժեշտության մասին: Այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք չեն պահպանի սահմանված կանոնները եւ կշարունակեն խախտել գործող կարգը, կձեռնարկվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:





























