Գերմանիայի Բոխում քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծառատունկ է կազմակերպվել։ Այս մասին հայտնում է Der Westen պարբերականը։ 

Երկրորդ համաշխարհային պատերազմից 70 տարի անց Դոներբեքեի գերեզմանատանը հարգել են երկու համաշխարհային պատերազմների վայրագություններին զոհ դարձած անմեղ մարդկանց հիշատակը։ «Մենք այսօր հիշում ենք պատերազմի ժամանակ  զոհված հրեաների եւ հատկապես 100 տարի առաջ Հայոց ցեղասպանության զոհերի մասին»,- հայտարարել է Բոխում-Լինդենի բնապահպանների միության նախագահ Յոխեն Հոփմանը։

Ի նշան հայ-գերմանական բարեկամության՝ հիշատակի արարողության ժամանակ 155 ծառ է տնկվել Բոխումում։ «Մենք դիտմամբ ենք Հայաստանից բերել հենց 155 ծառ եւ ոչ թե 100»,- հայտարարել է Գերմանիայի հայ-ակադեմիականների միություն 1860 դաշինքի նախագահ Ազատ Օրդուխանյանը։ «Մենք դրանով ցանկանում ենք նշել, որ հայ-գերմանական բարեկամությունը շատ ավելի հին է եւ կարեւոր, քան 100 տարի առաջ դրանց խզումը»,- ասում է նա։

«Հայկական գարուն» խորագրով այս տարի բազմաթիվ մշակութային միջոցառումներ են կայանալու։ «Գարուն բառը հայ-գերմանական բարեկամության նոր սկիզբն է»,- հայտարարել է միջոցառման մասնակից, գրականագետ Հայդե Ռիեքը։

Բոխումում՝ բռնության դեմ պայքարին նվիրված հուշարձանի առջեւ գտնվող պատմական վայրում, ծառեր են տնկվել։ Գերմանիայի հայ-ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը իր շնորհակալական ելույթում ասել է. «Նախկինում երբեք ոչ մի գերմանական կազմակերպություն Գերմանիայի տարածքում Հայոց ցեղասպանության հիշատակին ծառ չի տնկել։ Սա իրոք պատմական պահ է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երեւանում, ի նշան հայ-գերմանական բարեկամության նոր դրսեւորման, 155 տնկիներ էին տնկվել։