NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում լրագրող Լուկաս Գեթցի՝ openDemocracy կայքում հրապարակված հոդվածը:

Արցախի Հանրապետությանը հաջողվում է դինամիկ եվրոպական եւ գլոբալ արտաքին քաղաքականություն վարել: Վատ չէ մի պետության համար, որը պաշտոնապես գոյություն չունի:

Դեռեւս մինչ ընտրատեղամասերի փակումը (խորհրդարանական ընտրություններում - խմբ.) միջազգային հանրության արձագանքը սպասել չտվեց: Եվրոպական արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ «Եվրամիությունը չի ճանաչում ընտրությունների սահմանադրական եւ իրավական շրջանակները»: Իսկ ԱՄՆ պետքարտուղարությունը մատնանշեց, որ «չի ճանաչում ընտրությունների արդյունքները»:

Այսպիսի նկատառումներ, սակայն, չհնչեցին Թուրքմենստանում վերջերս կայացած ընտրություններից հետո, երբ ներկա նախագահն ընտրվեց ձայների 97.14%-ով: Դրանք չհնչեցին նաեւ Ղազախստանում ապրիլին անցկացված նախագահական ընտրություններից հետո, երբ նախագահը վերընտրվեց ձայների 97.75%-ով: Այդ հայտարարությունները վերաբերեցին ընտրությունների, որոնք միջազգային շուրջ 100 դիտորդների կողմից որակվեցին որպես «միջազգային չափանիշներին համապատասխանող», «ազատ, գաղտնի եւ հավասար», ընտրողների այնպիսի ակտիվությամբ, որի մասին «եվրոպական բազմաթիվ երկրներ կերազեին միայն»: Միակ խնդիրն այն է, որ խորհրդարանական այդ ընտրությունները կայացան միջազգայնորեն չճանաչված պետությունում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Չնայած պաշտոնական միջազգային ճանաչման գործում անհաջողությանը՝ ԼՂՀ-ն ակտիվորեն ձգտում է ամրապնդել կապերը Եվրոպայի հետ, որը տուն է բազմաթիվ հայերի համար: Արցախն այդ անում է ավանդական դիվնագիտական խողովակները շրջանցելով եւ այլ միջոցներ օգտագործելով՝ իր գործի համար ավելի լայն աջակցություն ստանալու նպատակով:

«Լեռնային Ղարաբաղը միջազգային ճանաչման է ձգտում, ինչը կարեւոր է ոչ միայն խորհրդանշական առումով, այլեւ քաղաքական: Երբ Լեռնային Ղարաբաղը ձգտում է Եվրոպայի հետ շփումների, դա կարող է մեկնաբանվել որպես Եվրոպայի հանդեպ անկախ արտաքին քաղաքականության ցուցադրության միջոց»,- նշում է Մալմյոյի համալսարանի կովկասյան հետազոտությունների հարցերի ավագ դասախոս Լիզա Մագնուսոնը:

Դավիթ Մելքումյանը վերջերս ԼՂՀ Ազգային ժողովում պատգամավոր է ընտրվել: «Գլխավոր առաջնահերթությունը միջազգային ճանաչման հասնելն է: Մենք որեւէ պետության կողմից ճանաչված չենք, այդ պատճառով շատ աշխատանք ունենք անելու: Եվրոպան բնական ընտրություն է մեզ համար, քանի որ ինձներս մեզ որպես եվրոպացի ենք ընկալում եւ կիսում ենք եվրոպական արժեքները»,- ասում է Մելքումյանը:

Չնայած ակնհայտ խոչընդոտներին՝ ԼՂՀ-ին հաջողվում է անկախ արտաքին քաղաքականություն վարել՝ իր համար տեղ ապահովելով եվրոպական օրակարգում եւ հասարակության գիտակցությունում: Քիչ հավանական է համարվում, որ Ադրբեջանը, չնայած հաճախակի սպառնալիքներին, տեսանելի ապագայում կփորձի ուժով գրավել Լեռնային Ղարաբաղը: Մյուս կողմից, քիչ հավանական է համարվում նաեւ այն, որ Լեռնային Ղարաբաղը շուտով կմիանա ճանաչված ժողովուրդների հանրությանը: Մելքումյանի խոսքով, ներկայում այն մնում է «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակում: