Այս տարվա հինգ ամիսներին օձի խայթոցի 23 դեպք է գրանցվել, որոնցից մեկը՝ մահվան ելքով։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյան՝ նշելով, որ խայթոցի դեպքում հեքիմներին կամ բուժման  ավանդական մեթոդներին դիմելու փոխարեն պետք է անմիջապես ահազանգել «Շտապօգնություն»։

«Մինչեւ «Շտապօգնության» ժամանելը անհրաժեշտ է առաջին օգնություն ցուցաբերել տուժածին։ Փորձեք անշարժ պահել մարմնի խայթած մասը, կծած տեղից փորձեք բերանով արյունը քաշել և թքել, անմիջապես զանգահարեք «Շտապօգնություն»։ Մի կտրեք, մի ծակեք կծած տեղը, մի դիմեք հեքիմներին կամ ավանդական բուժման մեթոդներին, այլապես հետո ուշ կարող է լինել»,- ասաց նա՝ նշելով, որ արյունը բերանով քաշելու դեպքում թունավորում հնարավոր չէ, քանի որ օձի թույնը պետք է շփվի արյան հետ, որպեսզի թունավորի օրգանիզմը։