Արարատի մարզպետարանը պնդում է, որ Նարեկ գյուղում մայիսի 23-ին տեղացած ուժեղ կարկուտի հասցրած վնասի չափը 100%-անոց չէ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի գյուղվարչության բաժնից հայտնեցին, որ հանձնաժողովի տվյալներն իրենք նորից հետ են ուղարկել, քանի որ իրականությանը չի համապատասխանում:

«Բերքը 100 տոկոսով չի փչացել, ապրանքային տեսքի կորուստ է եղել, որը սակայն ամբողջությամբ փչանալ չի նշանակում: Եթե Հայաստանում լինեին մթերման այնպիսի գործարաններ, որոնք այդ ապրանքը կմթերեին, ապա ապրանքային կորուստն էլ այդքան մեծ չէր լինի»,- ասացին գյուղվարչության բաժնի աշխատակիցները:

Նշենք, որ ըստ Նարեկի գյուղապետարանի՝ դեղձը, տանձը, սերկեւիլը, սալորը, կեռասը, ծիրանը, բանջարաբոստանային կուլտուրան գրեթե 100%-ով վնասվել է:

Հիշեցնենք, որ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 23-ի երեկոյան Արարատի մարզի Քաղցրաշեն և Նարեկ գյուղերի տարածքներում տեղացել է կարկուտ: Մայիսի 25-ին Նարեկի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել գյուղապետարանի առջեւ՝ ահանջելով փոխհատուցել կրած վնասը: